Ամփոփվել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների արդյունքները:
Նշենք, որ «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ազգային անվտանգության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության կրակային փուլը: Զորավաժության կրակային փուլին ներկա էին ՀՀ կառավարության անդամները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
Նախարարները հետեւել են հոգեբանական արգելագոտու հաղթահարման գործընթացին եւ անցել են արգելագոտու բոլոր խոչընդոտներով: Հոգեբանական հաղթահարման արգելագոտին գործի է դրվել ՀՀ զինված ուժերի զինծառայողների հոգեբանական պատրաստվածության աստիճանը բարձրացնելու նպատակով: Զորավարժարանում մարտավարամասնագիտական հմտությունների զինանոցն են ցուցադրել հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտիկները: Պետական կատավարման մարմինների ղեկավարները զորավարժարանի կրակային դիրքերում կրակել են հրաձգային զենքից, որից հետո սկսվել է «Արձագանք-2013» մարզումների մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության կրակային փուլը: Մարտական հրաձգության փուլին նախորդել է ՀՀ զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, ներքին զորքերի եւ արտակարգ իրավիճակների նախարարության զինատեսակների եւ սպառազինության ցուցադրումը:
Գնդային մարտավարական զորավարժության կրակային փուլի ավարտին տեղի է ունեցել «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների մասնակիցների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Պարգեւները հանձնել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների արդյունքների մասնակի ամփոփումը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին` ՀՀ ՊՆ վարչական համալիրում: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գոհունակությամբ նշել է, որ, չնայած արձանագրված որոշ թերությունների, նախկինում անցկացված նմանաբնույթ հրամանատարաշտաբային մարզումների համեմատությամբ «Արձագանք-2013»-ն անցավ հետաքրքիր եւ աշխույժ մթնոլորտում, համադրելով գործնական հմտությունների` մարտական հրաձգությամբ գնդային զորավարժությունների հետ: Նախարարը հատկապես կարեւորել է հանրապետության պաշտպանական համակարգի կատարելագործումը, ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով` պետական կառավարման մարմինների ղեկավար կազմի ճշգրիտ եւ արդյունավետ որոշումներ կայացնելու ունակությունը:
ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն` հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական եւ ռազմական կառավարման մարմինների հետ անցկացվել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:
«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների ընթացքում, մարզումների մտահղացման շրջանակներում, խաղարկվել է ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացը իրավիճակի սրման պայմաններում: Խաղարկվել է նաեւ հակառակորդի ագրեսիայի հետմղման եւ հակահարձակման գործողությունների սցենարը իրավիճակի սրման սկզբնական շրջանում:


































