Երեւանում կբացվի Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Երեւանում, հայտարարել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պրոռեկտոր Դավլաթ Նիդոեւի հետ հանդիպման ժամանակ:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով պատվիրակության անդամներին` նախարարը նշել է, որ արդեն մի քանի տարի ընթանում են մասնաճյուղի բացման շուրջ բանակցությունները, որի մասին բարձրաձայնել են նաեւ երկու երկրների նախագահները: Բացի այդ, հարցը ներառված է նաեւ միջկառավարական հանձնաժողովի օրակարգում:
«Եվ հայկական, եւ ռուսական կողմն այս ընթացքում արել են հնարավորը` նախագծի իրականացման, եւ պայմանավորվածությունը գործնական փուլ տեղափոխելու համար: Մենք շահագրգռված ենք Հայաստանում բուհի մասնաճյուղի հիմնմամբ: Խնդրին անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական եւ կրթական մոտեցում»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ մասնաճյուղի հիմնումը միտված է նախեւառաջ բարձրագույն կրթության ոլորտում մրցակցության բարձրացմանը: Ըստ նախարարի` մասնաճյուղը կարող է լավ բազա հանդիսանալ ոչ միայն հայ ուսանողների, այլ նաեւ Մերձավոր Արեւելքի եւ տարածաշրջանի մի շարք երկրների օտարերկրյա ուսանողների, ինչպես նաեւ Ռուսաստանի հարավում բնակվող մեր հայրենակիցների համար, ովքեր ցանկանում են Հայաստանում ստանալ ռուսական բարձրակարգ կրթություն: Նախարարը շեշտել է, որ հաշվի առնելով տարբեր երկրներում մասնաճյուղեր հիմնադրելու գործում ՄՊՀ-ի հաջողված փորձը` հայկական կողմն ուսումնասիրել է դրա ներդրման համապատասխան մոդելը` պահպանելով երկու երկրների օրենսդրական դաշտում գործող լիցենզավորման եւ հավատարմագրման հիմնական սկզբունքները:
Բուհի պրոռեկտոր Դավլաթ Նիդոեւը, փոխանցելով ռեկտոր Վ. Սադովնիչիի ողջույնները, հույս է հայտնել, որ մասնաճյուղի հիմնումը կնպաստի Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ուղղված գործընթացին: Նա նշել է, որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, եւ երկու երկրների միջեւ առկա բազմադարյա կապերն ու ավանդույթները մասնաճյուղի հիմնմամբ կդրվեն առավել կայուն հիմքերի վրա եւ կմոտեցնեն երկու ժողովուրդներին: «Հայ ուսանողները լավագույն դիրքեր են զբացեղնում Մոսկվայի պետական համալսարանում, եւ մեր բուհն ամեն ինչ անում է` այդ «անգին կապիտալը» երկրում պահելու համար»,-նշել է Դավլաթ Նիդոեւը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ բուհի լիցենզավորման եւ հավատարմագրման, ինչպես նաեւ Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի հիմնման վերաբերյալ համաձայնագրի դրույթներին առնչվող մի շարք հարցեր:





























