Ադրբեջանում կառավարամետ լրատվամիջոցները տվյալներ են հրապարակել մի քանի նոր էքզիթ-փոլերից, որոնց համաձայն երկրի գործող նախագահ Իլհամ Ալիեւն, իբր, նախագահական ընտրություններում ստացել է 80-83 տոկոս ձայն:

Նույն հարցումների համաձայն՝ ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին ստացել է 8-10 տոկոս ձայն:

Ավելի վաղ որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ, խախտելով երկրի օրենսդրությունը, քվեարկության ընթացքում հրապարակել էին էքզիթ-փոլի արդյունքներ, որոնց համաձայն Ալիեւը 93 տոկոս քվե է ստացել:

Ներկայումս ընտրություններն ավարտվել են, եւ ընտրատեղամասերում ձայների հաշվարկ է ընթանում: Ընդդիմության առաջնորդ, նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլին ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրությունների ընթացքում զանգվածային կեղծիքներ են եղել եւ ընտրությունները լեգիտիմ չեն:

Վաղն առավոտյան, մամուլի ասուլիսում կհայտարարվի ընդդիմության հետագա քայլերի մասին: Մասնավորապես, առաջիկա շաբաթ օրը զանգվածային հանրահավաք է նախատեսում Բաքվում: