Իրաքի իշխանությունները մահապատժի են ենթարկել 42 մարդու, որոնք մեղավոր են ճանաչվել ահաբեկչական գործունեություն իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Հասան աշ-Շամարին:
Նա հայտարարել է, որ վերջին շաբաթվա ընթացքում նախարարությունը մահապատիժ է կիրառել 42 հանցագործների, այդ թվում մեկ կնոջ նկատմամբ, հաղորդում է Utro.ru-ն:
Այս տարվա սկզբից Իրաքում մահապատժի են ենթարկել 113 մարդու, որոնք մեղադրվել են ահաբեկչության մեջ:
Իրաքում մահապատիժը վերականգնվել է 2004-ին՝ ժամանակավոր կառավարության կողմից: Մինչ այդ այն չեղյալ էր հայտարարվել Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո:
Իրաքում, որպես կանոն, մահապատիժներն իրագործվում են կախաղանի միջոցով:





























