Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ընդլայնմամբ՝ կնվազի նաեւ դրա ռիսկայնությունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողներին հայտնել է «Սիլ Ինշուրանս»   ապահովագրական ընկերության անձնական ապահովագրության գծով հայտերի կարգավորման բաժնի պետ Արման Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ ծածկույթի ընդլայնմանը զուգահեռ նվազում են նաեւ ապահովագրական ռիսկերը, որը ձեռնտու է համակարգի համար: 

Նա հավելել է, որ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմամբ՝ պետք է կազմել նաեւ ապահովագրական ծառայությունների մատուցման ձեռնարկներ՝ դրանց մոտավոր ծախսերը հաշվելու համար (ինչպես որ արվում է պետաշխատողների  սոցփաթեթների դեպքում):

«Կան տարբեր բժշկական դպրոցներ: Օրինակ՝ խորհրդայինը թունավորումների դեպքում նշանակում է ուժեղ չափաբաժնով հակաբիոտիկներ: Արեւմտյանի մոտ դեղորայքների միջամտությունն այս դեպքում ավելի քիչ է:  Համապատասխանաբար, առաջինի ծախսերն ավելի շատ կլինեն:  Սակայն երկուսից ո՞ր համակարգն ընտրել: Դա պետք է ամրագրել կանոնադրությունում, դրա վրա կառուցել բժշկական ծառայությունները եւ ապահովագրական ծախսերը», – պարզաբանել է Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդնումը, որը քննարկվում է արդեն մի քանի տարի:

Նշենք, որ Հայաստանում բժշկական ապահովագրության տիրույթը կազմում է 150 հազար մարդ, որոնցից 120 հազարը պետական սոցփաթեթից օգտվող պետաշխատող է: