Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեպքում Հայաստանը կվերածվեր Թուրքիայի մեծ գաղութի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գերմանիայում գործող Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքային խմբի անդամ Ժիրայր Քոչարյանը:

«Հայ-թուրքական արձանագրությունների բոլոր կետերն ի վնաս Հայաստանի են, քանի որ դրանց վավերացման դեպքում Թուրքիան ոչ մի դեպքում չէր կատարի իր պարտականությունները: Կան տասնյակ օրինակներ, երբ Թուրքիան պայմանագիր է ստորագրել, սակայն այն չի իրականացրել»,-ընդգծել է Ժիրայր Քոչարյանը: Նրա համոզմամբ՝ հայ-թուրքական բանակցությունները լավ առիթ են այլ առաջատար կայսրությունների համար, որպեսզի արդարացնեն իրենց անգործությունը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ քննադատման հարցում: «Նրանք պնդում են, որ առայժմ զերծ կմնան, որպեսզի չխանգարեն  մեկնարկած գործընթացին»,-ընդգծել է Ժիրայր Քոչարյանը:

Նշենք, որ 4 տարի առաջ այս օրը՝ 2009-ի հոկտեմբերի 10-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում  Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները: Դրանք այնուհետ պետք է վավերացվեին երկրների խորհրդարաններում, սակայն թուրքական կողմի ապակառուցողական մոտեցման եւ առաջ քաշված նախապայմանների պատճառով արձանագրությունները չեն վավերացվել։