Թուրքիան աշխատելու է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Շվեյցարիա կատարած այցի ընթացքում:

«Մենք ջանում ենք զարգացնել կրեատիվ գաղափարներ»,-ընդգծել է նա՝ խոսելով երկրների միջեւ հարաբերությունների մասին, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Անկարան գնահատում է երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը, սակայն կրկին գործընթացը կապել է ղարաբաղյան հակամարտության հետ: «Որպեսզի կարգավորումը տեւական լինի, պետք է լուծվեն Հարավային Կովկասում առկա խնդիրները, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտությունը: Պետք է վերջ դնել ադրբեջանական հողերի օկուպացիային»,-հայտարարել է նա:

Նշենք, որ 4 տարի առաջ այս օրը՝ 2009-ի հոկտեմբերի 10-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում  Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները: Դրանք այնուհետ պետք է վավերացվեին երկրների խորհրդարաններում, սակայն թուրքական կողմի ապակառուցողական մոտեցման եւ եւ առաջ քաշված նախապայմանների պատճառով արձանագրությունները չեն վավերացվել։