ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվել է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների գործով դատավարությունը։ Մեղադրյալները հերթով հանդես են եկել ճառերով, հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում եւ պահանջել են արդարացնել իրենց (ֆոտոռեպորտաժ)։

«Ինձ ոչ թե ազատություն է պետք, այլ արդարություն»,- իր ճառում ասաց Տիգրան Առաքելյանը։

Դատարանի դահլիճում են նաեւ ԱԺ ՀԱԿ  պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը։

Տիգրան Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը վատառողջության պատճառով նիստին չի մասնակցում։

Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել՝ բոլոր մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու եւ բոլորին անմեղ ճանաչելու վերաբերյալ։

Ավելի վաղ փաստաբան Շուշանյանն ասել էր, որ համաներումի կիրառումից հետո անգամ պաշտպանական կողմը դիմելու է Վճռաբեկ դատարան, եթե Վերաքննիչ դատարանը չկայացնի արդարացման որոշում:

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում:

Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել: Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:

Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am