Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերքում է իր պաշտոնանակության մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Ղուլարյանը:
Նա նշեց, որ նախագահը իրենից դժգոհություն չի հայտնել, ինքն էլ այդքան մեծ չէ, որ տարիքի պատճառով հրաժարական տա: Դիտարկմանը, թե նույնիսկ ձեզ փոխարինողի անունն է հայտնի, նա այսպես արձագանքեց. «Դա ինձ համար նորություն չէ, գրում են, ջնջում են, մենք էլ աշխատում ենք»:
Արմեն Ղուլարյանը շեշտեց, որ ինքը իր պաշտոնին է եւ չի պատրաստվում հրաժարական տալ:
Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, որ մարզպետի հաջորդ փոփոխությունը, ըստ իշխանական շրջանակներում պտտվող լուրերի, սպասվում է կառավարության հաջորդ նիստում։ «Սև ցուցակում» հաջորդը, ըստ նույն շրջանակների, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի անունն է։
Իշխանական կուլիսներում տևական ժամանակ է խոսվում է, որ Արմեն Ղուլարյանին Տավուշի մարզպետի պաշտոնում փոխարինելու է հանրապետական նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանը։ Երեկ ողջ օրը նա այդպես էլ հեռախոսազանգերին չպատասխանեց։ Իսկ դեռ ամիսներ առաջ իր մարզպետ նշանակվելու վերաբերյալ մեր բոլոր հարցերին Մելիքյանը պատասխանել էր՝ չգիտեմ, տեղյակ չեմ։
«Արմեն Ղուլարյանից հետո «սև ցուցակում» հաջորդը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի անունն է։ Վերջինս նույնպես համառորեն հերքում է իր պաշտոնանկության մասին տեղեկությունները։ Շահգալդյանին, ըստ նույն աղբյուրների, հետևում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի անունը։ Ընդ որում, նրանք, ինչպես պնդում են հանրապետականները, պաշտոնանկ են արվելու ոչ թե փաթեթով՝ միանգամից, այլ փուլ առ փուլ։ Թե ովքեր կփոխարինեն Շահգալդյանին և Սահակյանին, դեռ վերջնական որոշված չէ։ Անգամ անուններ չեն շրջանառվում։ Ու դրանով է պայմանավորված պաշտոնանկությունների փուլային տարբերակը»,– գրում է թերթը





























