Ինչպես եւ նախատեսված էր, մարտի 26-ին տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Ստամբուլի հայկական Սուրբ փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ։
Հանդիպման մասին մանրամասներ դեռեւս չկան, սակայն Պետրոս Շիրինօղլուն հանդիպումից դուրս գալուց պատասխանել է լրագրողների մի քանի հարցի։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Շիրինօղլուն նշել է, որ դարասկզբի ողբերգական իրադարձությունների ժամանակ իր պապն էլ է սպանվել, սակայն ինքը գերադասում է նայել ապագային։
NEWS.am-ը հիշեցնում է, որ մինչ Էրդողանի հետ հանդիպելը՝ Շիրինօղլուն նաեւ հստակեցում է մտցրել Էրդողանի կողմից BBC-ին տված տխրահռչակ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվել է, որ Թուրքիան կարող է վտարել իր երկրում գտնվող 100 հազար անօրինական գտնվող հայերին: «Մենք վարչապետին պետք է ասեինք 70 հազար Թուրքիայի եւ 30 հազար Հայաստանի քաղաքացի հայ կա Թուրքիայում, սակայն սխալմամբ ընդհանուր 100 հազարը նշել ենք որպես անօրինական հայերի թիվ, որն էլ արտասանել է Էրդողանը: Իսկ Էրդողանն էլ մեզ վստահելով արտասանել է այդ թիվը, որի համար իրենից ներողություն եմ խնդրում: Միեւնույն ժամանակ վարչապետից շնորհակալություն եմ հայտնում մեզ վստահելու համար եւ գիտեմ, որ Լոնդոնում նրա ասած խոսքը սրտից չի բխել»,-նշել է Պետրոս Շիրինօղլուն:




























