Ադրբեջանական ընդդիմությունը միշտ էլ թույլ է եղել, նախ եւ առաջ, կոնսոլիդացման բացակայության պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարել է Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, փորձագետ Անդրեյ Արեշեւը՝ անդրադառնալով հետընտրական գործընթացներ կազմակերպելու ադրբեջանական ընդդիմության անկարողությանը:
Նրա խոսքով՝ ներկայումս ադրբեջանական ընդդիմությունը հույսը դրել է արեւմտյան կազմակերպությունների վրա, որոնք քննադատել են կայացած ընտրությունները: Նա փաստել է, որ Արեւմուտքի հետաքրքրությունը հարավկովկասյան տարածաշրջանի եւ Ադրբեջանի հանդեպ ոչ մի կերպ չի փոխվել:
Արեշեւը կարծում է, որ ադրբեջանական ընդդիմությունն, այնուամենայնիվ ինչ-որ դեր կատարելու է: Նա կարծում է, որ ընդդիմությունը թույլ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ գործողությունները համակարգված բնույթ չեն կրում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայացել են այս տարվա հոկտեմբերի 9-ին: Դրանց արդյունքում երրորդ անգամ նախագահի պաշտոնում վերընտրվել է Իլհամ Ալիեւը:





























