Հայկական «Այր Արմենիա» ավիաընկերությունը իր առաջին ռեգուլյար ուղեւորատար չվերթը կկատարի հոկտեմբերի 27-ին: Ընկերության մարքեթինգի գծով մենեջեր Սիրակ Համբարձումյանի խոսքով՝ առաջին չվերթը կլինի Երեւան-Մոսկվան (Վնուկովո), թռիչքների հաճախականությունը՝ օրական երկու անգամ:
«Այդ չվերթում մրցակցությունը շատ մեծ է, բայց մենք ուզում ենք շուկային նոր բան առաջարկել: Եթե ներկայումս հիմնական երթուղին Երեւան-Մոսկվա-Երեւանն է, ապա մենք ուզում ենք ակտիվացնել հակառակ երթուղին՝ Մոսկվա-Երեւան-Մոսկվա: Առաջին հերթին զբոսաշրջության շնորհիվ»,-ասել է Համբարձումյանը՝ հավելելով, որ վերջերս ընկերությունը մասնակցել է Մոսկվայում կայացած ցուցահանդեսներից մեկին, որտեղ պայմանավորվածություններ է ձեռք բերել ռուսական զբոսաշրջային գործակալությունների հետ՝ նրանց Երեւան փոխադրման շուրջ:
«Մենք նրանց համար տեղեկատվական տուր կկազմակերպենք, ընդ որում ոչ միայն տեսարժան վայրերի, այլեւ հանգստավայրերի, այդ թվում ձմեռային»,-հայտարարել է Համբարձումյանը:
Ընկերության ներկա ուղեւորատար ավիապարկը մեկ Boeing-737 է՝ լիզինգով: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է ձեռք բերել եւս 1-2 օդանավ, ենթադրաբար այլ ֆիրմայի: «Թռիչքների աշխարհագրություն այս պահին հստակ ասել չեմ կարող: Մեր պլաններում կան Ռուսաստանի այլ քաղաքները, բայց կարող են լինել նաեւ հեռավոր արտասահմանյան քաղաքները»,-ասել է «Էյր Արմենիայի» ներկայացուցիչը:
2003թ ստեղծված ընկերությունը զբաղվում է բեռնափոխադրումներով: Բոլորովին վերջերս ընկերությունը ուղեւորափխադրման լիցենզիա է ստացել, սակայն ուղեւորատար օդանավերի բացակայության պատճառով չվերթեր չեն իրականացվում: Ընկերության առաջին չվերթն իրականացվել է Boeing 737 օդանավով: Մինչեւ տարեվերջ ընկերությունը եւս երկու օդանավ կձեռքբերի:
Երկար ժամանակ Հայաստանի քաղավիացիան հիմնված էր ազգային օպերատորի վրա: Այս տարվա մարտին «Արմավիա» ընկերությունը դադարեցրել է ուղեւորափոխադրումները՝ կապված ֆինանսական խնդիրների հետ: Սակայն կառավարությունը հրավիրել է «McKinsey & Co» ընկերությանը, որը խորհուրդ է տվել անցնել «բաց երկնքի» ռազմավարությանըտ: Ակնկալվում է, որ առաջիկա 3-4 տարիների ընթացքում երկրի ՀՆԱ-ն կավելանա 300-400 մլն դոլարով, իսկ տուրիզմի եւ օդային փոխադրման ոլորտում կստեղծվեն 18-23 հազար նոր աշխատատեղեր:




























