Հայկական զորախումբը կարող է միանալ ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը՝ իտալական ստորաբաժանման կազմում: Հոկտեմբերի 21-23-ին, Բրյուսելում գտնվողն Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս խնդիրն է քննարկել Իտալիայի պաշտպանության նախարար Մարիո Մաուրոյի հետ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը պայմանավորվել են կարճ ժամանակում ավարտին հասցնել ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում հայ խաղաղապահների ընդգրկման հետ կապված իրավական ընթացակարգերը եւ սկսել առաքելության իրականացմանն առնչվող գործընթացներ:
Այցի շրջանակներում տեղի է ունեցել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի եւ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասի հանդիպումը Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` ԱՄՆ Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող GPOI ծրագրի շրջանակներում ՀՀ խաղաղապահ կարողությունների զարգացմանը եւ ՀՀ-ում խաղաղապահ ուսումնական կենտրոնի ստեղծման աշխատանքներին, ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններում եւ վարժական կենտրոններում ՀՀ անձնակազմի անհատական եւ ստորաբաժանման կազմով անցկացվող դասընթացներին եւ վարժանքներին, ՀՀ զինված ուժերում համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային եւ մարտավարական ուսումնավարժական կարողությունների ստեղծմանը եւ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա դեկտեմբեր ամսին Երեւանում անցկացվելիք հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների ընթացքում երկկողմ համագործակցության հարցերը հանգամանալից քննարկելու վերաբերյալ:
Բացի այդ, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկու երկրների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ամփոփել են վերջին ժամանակահատվածում կատարված աշխատանքները եւ նախանշել են հետագա համագործակցության հեռանկարները:





























