Հայաստանին Մաքսային միություն ընդունելիս պետք է հաշվի առնել Ադրբեջանի կարծիք: Այս մասին նախօրեին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ԱՊՀ երկրների լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Այս թեման նա շոշափել է, պատասխանելով Ղրղըզստանի եւ Տաջիկստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության եւ դրա վերաբերյալ Ղազախստանի դիրքորոշման մասին հարցին:

«Այստեղ նույն հարցն է, ինչ որ Հայաստանի դեպքում: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը դեմ չէ, բայց նա շատ գրագետ ներկայացրել է իր մտահոգությունները: Այսպես, օրինակ, Հայաստանը չլուծված տարածքային խնդիր ունի Ադրբեջանի հետ: Նշանակում է, որ Ադրբեջանի կողմից հարցեր են լինելու: Ինչպես հասկացա, Իլհամ Ալիեւն այդ հարցը իր ղազախ գործընկերոջն արդեն տվել է: Մենք պետք է հաշվի առնենք Ադրբեջանի կարծիքը: Նշեմ, որ օրինակ, Եվրոպան այնքան էլ չի ձգտում իր կազմում ընդգրկել նման տարածքային խնդիրներ ունեցող երկրների»,-ասել է Լուկաշենկոն, հաղորդում է «ՄԻՌ» հեռուստաալիքը: