Հայաստանի հետ հետագա հարաբերությունները ԵՄ-ն կքննարկի Վիլնյուսում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովից հետո: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական խմբագրությանը տված հարցազրույցում նշել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը:
«Հայաստանի կայացրած որոշումը բխել է շատ կոնկրետ աշխարհաքաղաքական իրողություններից, որը բնորոշ է այդ երկրին: Միաժամանակ, պետք է ընդգծել, որ նրանք չեն լքել «Արեւելյան գործընկերության» ծրագիրը:
Այդ որոշումից հետո Հայաստանից այցելությունների իսկական հեղեղ է սկսվել եւ մեզ մշտապես ասել են. «իրականում մենք չէինք ցանկանում լքել գործընթացը, մենք կցանկանայինք առաջ ընթանալ, որքանով դա հնարավոր է, սակայն եղել է որոշակի ճնշում»,-ասել է Բիլդտը:
Շվեդիայի ԱԳ նախարարը ( Շվեդիան Լեհաստանի հետ միասին «Արեւելյան գործընկերության» ծրագրի հիմնադիր երկրներից է) խոստացել է վերադառնալ Երեւանի հետ հարաբերությունների հարցին միայն Վիլնյուսի գագաթաժողովից հետո, որը տեղի է ունենալու նոյեմբերի վերջին՝ Լիտվայի մայրաքաղաքում:
«Արդեն Վիլնյուսից հետո մենք կքննարկենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Այդ համագործակցությունն, իհարկե, չի իրականացվի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շրջանակներում: Մենք, իհարկե, համագործակցության այլ միջոցներ կզարգացնենք»,-ասել է Բիլդտը:
Նշենք, որ Շվեդիայի ԱԳ նախարարը հոկտեմբերի 22-ին, իր լեհ գործընկեր Ռադոսլավ Սիկորսկիի հետ միասին, ժամանել է Մոլդովա:
Սիկորսին հատուկ ընդգծել է, որ ի տարբերություն Ռուսաստանի, Բրյուսելը մտադիր չէ ճնշումներ բանեցնել իր գործընկերների վրա: Իսկ Կարլ Բիլդտը հավելել է. «Մենք բացել ենք դռները Մոլդովայի, Ուկրաինայի, Հայաստանի եւ այլ երկրների առջեւ: Եթե դուք ուզում եք մտնել այդ դռնով, դեպի այն հնարավորությունները, որոնք տրամադրում է ԵՄ-ն, դա ձեր որոշումն է: Եթե ուզում եք գնալ այլ ուղղությամբ, դա նույնպես ձեր որոշումն է»:





























