Ոստիկանության կոլեգիայի այսօրվա նիստն աննախադեպ է եղել, քանի որ դրան մասնակցել են օրերս պաշտոնանկ եղած նախկին փոխոստիկանապետեր Սաշիկ Աֆյանն ու Հովհաննես Հունանյանը, որից հետո նրանց պատվին համերգ է կազմակերպվել:
NEWS.am-ի տեղեկություններով՝ այդ միջոցառման նպատակը եղել է երկարամյա գեներալների հրաժեշտը տպավորիչ կազմակերպելը, որպեսզի նրանք համակարգից նեղացած չհեռանան, ինչպես շատերի դեպքում է եղել: Ոստիկանության մշակույթի դահլիճում համերգ է կազմակերպվել, որտեղ երգել են նաեւ Սոֆի Մխեյանը, Ռիչարդ Մադլենյանն ու ոստիկանններ:
Ըստ ականատեսների՝ համազգեստավոր թոշակառուները հուզվել են ու մոռացության մատնել իրենց ներկայիս «դաժան» կարգավիճակը: Գործազուրկների շարքը համալրած Սաշիկ Աֆյանը նույնիսկ ոգեւորված արտահայտվել է, թե այդքան ժամանակ համակարգում է եղել, նման բան չի տեսել: Հովհաննես Հունաննյան էլ, ով ավելի նեղսրտած է եղել իր ազատվելու հանգամանքից, պարգեւատրվել է սխրագործության մեդալով: Պարգեւատրվել է նաեւ Աֆյանը:
Հիշեցնենք, որ նրանց փոխարեն նշանակվել են Անուբաղ Համբարյանը եւ Սամվել Հովհաննիսյանը:





























