Թուրքիայի Դիարբեքիրի մշակութային հիմնադրամներից մեկի նախաձեռնությամբ կազմակերպված երեկոյին համերգով է հանդես եկել դիարբեքիրցի հայտնի երաժիշտ Ջոշքուն Սաբահը, ում ողջունել եւ հանդես է եկել հայտարարությամբ Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրը:
«Այս ժողովուրդը ավելի շատ տառապելու իրավունք չունի: Մի ժամանակ այս քաղաքում էին մեր հարստությունը, գեղեցկությունը հանդիսացող հայերը եւ սիրիացիները: Նրանց կորցնելու պատճառով է, որ այսօր մենք աղքատ ենք: Մենք կորցրեցինք: Այս սերունդը արդեն դա զգում է»,- նշել է հիմնականում քրդաբնակ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը:
NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ այս տարվա փետրվարի սկզբին Մարդին քաղաքում կազմակերպված համաժողովի ժամանակ Օսման Բայդեմիրը հանդես էր եկել բավականին համարձակ ելույթով: «Մի ժամանակ Միջագետքում ապրում էին ասորիներ, հայեր, քրդեր, որոնք իրենց կրոնական ինքնությամբ հաջողության, համբերատարության, խաղաղության եւ զարգացման խորհրդանիշ էին: Սակայն որոշները եկան, մեզ երկար տարիներ ղեկավարեցին եւ այդ ընթացքում այստեղից մարդիկ ստիպված հեռացան: Սա ասում եմ մեծ ցավով: Դիարբեքիրում մնացել է ընդամենը մի քանի հայ ընտանիք, իսկ 120 տարի առաջ նրանք բնակչության 40 տոկոսն էին կազմում: Ոչ մի ներողություն այդ ողբերգությունը չի թեթեւացնի: Այո, մեծ ցավ եք ապրել: Դուք ստիպված գնացիք, բայց համոզված եղեք, որ դուք չեք կորցրել, մենք` այստեղ մնացողներս ենք կորցրել: Հաջողությունը եւ խաղաղությունը ձեզ հետ տարաք»,- նշել էր Դիարբեքիրի քուրդ քաղաքապետը:



























