Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կդառնա առանցքային թեմաներից մեկը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական այցի ժամանակ, որ կայանալու մարտի 29-ին, հաղորդում է TRT-ն:

Առանցքային հարցերի շրջանակում, որ քննարկվելու են Անկարայում եւ Ստամբուլում, թուրքական ԶԼՄ-ները նշում են Թուրքիայի՝ ԵՄ-ին լիակատար անդամակցությունը, որի դեմ Մերկելը հանդես է եկել իր այցի նախօրեին՝ պնդելով միայն արտոնյալ գործընկերության վրա:

Բացի այդ, Մերկելը նաեւ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գերմանիայում թուրքական լիցեյներ բացելու առաջարկի դեմ:

Մերկելի արձագանքին Էրդողանը պատասխանել էր. «Մերկելը չի ցանկանում թուրքական լիցեյներ բացել Գերմանիայում: Ես նրան կներկայացնեմ իմ տեսակետը: Թուրքիայում գերմանական լիցեյ կա: Նրանք նաեւ ցանկանում են համալսարան բացել: Մենք դրա համար տարածք ենք հատկացնում Բեյկոզ շրջանում: Ես Մերկելից նման մոտեցում չէի սպասում: Թուրքիան, ի՞նչ է, քավության նոխա՞զ է դարձել»:

Այցի ընթացքում քննարկվելու են նաեւ ահաբեկչության դեմ պայքարը, Կիպրոսը, Իրաքը, Աֆղանստանը եւ Իրանի ատոմային ծրագիրը: