Երեւանի աղբահանման եւ սանմաքրման աշխատանքները 2014 թ. ապրիլի 1-ից կիրականացնեն երկու արտասահմանյան կազմակերպություններ` շվեդական «Էկո գրուպը» եւ լիբիական «Սանիտեկը», որոնք շահել են քաղաքապետարանի հայտարարած միջազգային մրցույթը: Այդ մասին «Մեդիա կենտրոնում» հատարարել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Կոմունալ տնտեսության վարչության Աղբահանության եւ սանիտարական մաքրման բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը:

Խոսքը դեռեւս Երևանում միայն աղբահանությունն ու սանմաքրման աշխատանքները եվրոպական չափանիշների հասցնելու մասին է եւ ոչ թե աղբի վերամշակման եւ տեսակավորման: «Ժամանակի հրամայականն է, որ մենք ունենաք աղբի վերամշակման կամ տեսակավորման գործարան»,- ասաց Հ. Ահարոնյանը:

Նուբարաշենի աղբավայրն ընդգրկում է 52 հա տարածք, որում տասնամյակների ընթացքում կուտակվել է 8 մլն տոննա կոշտ կենցաղային թափոն: Հ. Ահարոնյանի կանխատեսմամբ՝ եթե Նուբարաշենի աղբավայրը շարունակի շահագործվել նույն տեմպով, ապա մայրաքաղաքին կծառայի եւս ընդամենը 15 տարի: