Երկուշաբթի օրը ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկման կներկայացվի 2014թ. երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։ Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը եւ հավելում. «Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ պետբյուջեն ավելանալու է 100 մլրդ դրամով։ Արդյո՞ք այդ ավելացումը նոր հարկային բեռ չի դառնա բիզնեսով զբաղվողների համար եւ չի խոչընդոտի բիզնես միջավայրի զարգացումը։ «ՉԻ» հարցին ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը նշեց. «Իհարկե հարվածելու է, քանի որ մեծ բյուջեի քաղաքականությունն ընդհանրապես վիճելի հասկացություն է։ Հիմա եթե բարձրացնում են 90-100 մլրդ դրամով, էլի պետք է այդ գումարները տանեն բիզնեսից։ Շատ բիզնեսներ՝ միջին եւ մանր, այսօր արդեն փակվում են, իսկ շատերը փակման եզրին են։ Հիմա, երբ մենք ասում ենք արտագաղթ, դա չի՞ նշանակում, որ մարդն իր գործը փակեց, իր բիզնեսը փակեց եւ գնում է երկրից։ Վերջին 3-4 տարիներին տնտեսական սխալ քաղաքականության արդյունքում բիզնես դաշտը փոքրանում է։

Հիմա եւս 100 մլրդ դրամ հավաքել ո՞նց պետք է արվի։ Ո՞նց են պատկերացնում։ Դուք հարցրեք գործարար խավին, այդ թվում՝ ԱԺ-ում նստած, այդ թվում նրանց, ովքեր կողմ են քվեարկելու այդ նախագծին։ Բայց նշեմ, որ նրանք գուցե կողմ են քվեարկելու, բայց միջանցքներում բոլորովին այլ բան են խոսում։ Դա բիզնեսը սպանելու ձեւ է։ Իսկ երկիրը պահում է բիզնեսը։ Մանկավարժի, դասախոսի, զինվորի եւ այլոց աշխատավարձ տալիս է բիզնեսը՝ իր վճարած հարկերով։ Եվ հիմա եթե բիզնեսը  ճնշում եք՝ մեծ բյուջեն փորձելով լցնել նոր հարկերով, ի՞նչ կլինի հետո»»,- մեջբերում է «Չորրորդ իշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):