Մոսկվայի կենտրոնում հոկտեմբերի 25-ին բելառուսցի չեկիստները փորձել են բռնել եւ առեւանգել Բելառուսական կալիումի ընկերության նախկին թոփ մենեջեր Դմիտրի Սամոյլովին։ Ընկերության այլ աշխատակիցներ եւս գանգատվել են հետապնդումներից, գրում է «Կոմերսանտը»։

Լենինգրադի կայարանում տեղի ունեցած պատմությունը հոլիվուդյան ֆիլմերի սցենար է հիշեցնում։

Հոկտեմբերի 25-ին գործարար Սամոյլովը պետք է գնացքով մեկներ Պետերբուրգ։

Մեկնումից քիչ ժամանակ առաջ վագոն են մտել քաղաքացիական հագուստով չորս տղամարդիկ եւ փորձել ձերբակալել գործարարին։ Նրանք Բելառուսի ԿԳԲ-ի վկայականներ են ցույց տվել եւ հավելել, որ նրան մտադիր են քննիչի մոտ տանել։

Սամոյլովը հասկացել է, որ գնացքում դիմադրություն ցույց տալն անհնար կլինի։ Նա վերցրել է իրերը եւ հետեւել չեկիստներին։ Երբ խումբն անցնում էր ոստիկանների մոտով, գործարարը բղավել է, որ իրեն առեւանգում են։

ՆԳՆ աշխատակիցներն իրենց չեն կորցրել եւ միջադեպի հինգ մասնակիցներին ձերբակալել եւ հարցաքննել են։

Դ. Սամոյլովը հայտնել է, որ ՌԴ քաղաքացի է, իսկ Բելառուսի ԿԳԲ-ի աշխատակիցներն ապօրինաբար փորձել են իրեն ձերբակալել՝ Մինսկ տանելու համար։ Ռուս ոստիկանները չեկիստներին չեն ձերբակալել։

ՆԳՆ-ում եւ ԿԳԲ-ում միջադեպը չեն մեկնաբանել։

Ոմանք կարծում են, թե Սամոյլովի ձերբակալման փորձը բացատրվում է Մինսկի՝ իրեն ապահովագրելու մտադրությամբ. Հոկտեմբերի 26-ին լրանում է «Ուրալկալիումի» գլխավոր տնօրեն, Բելառուսական կալիումի ընկերության դիտորդական խորհրդի նախագահ Վլադիսլավ Բաումգարտների կալանքի ժամկետը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն  ավելի վաղ  Բաումգարտների ազատությունը 100 մլն դոլար էր գնահատել, սակայն ընկերութունը մտադիր չէ գրավ վճարել, ինչի մասին ակնարկել են «Կոմերսանտի» զրուցակիցները։