Երեւանի քաղաքապետարանում ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձեւավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստն է կայացել։

Նիստի մասնակիցները դիտարկել  են ամսվա ընթացքում մեկ միկրոավտոբուսի ծախսային մասը։ Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած հաշվարկը ընդունվել է բոլոր կետերով՝ գրեթե բոլոր մասնակիցների կողմից (ամենաակտիվ եւ պատրաստված ընդդիմադիրը «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն է եղել)։  Իսկ հաջորդ նիստում ծախսերը կբաժանեն ուղեւորների թվի վրա։ Եվ ճշմարտությունը կարող է դառը  լինել։

Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած հաշվարկներից մեկում տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեք է նշված 202 դրամը: Տեսախցիկների առաջ նման բան ամեն մեկն ասել չի ցանկանա, քաղաքացիները դա ծայրահեղ կընդունեն: Թեեւ վերջին երեք ամիսներին տրանսպորտային ընկերությունների տնօրենները  էկրաններին ավելի հաճախ էին հայտնվում, նրանց փաստարկներն առայժմ հրապարակավ հայտնի  չեն, թեեւ  զուտ տնտեսական են եւ ոչ անհիմն:  Եվ «սեւ» հաշվարկը դեռ ոչ մի տեղ հրապարակված չէ:

Դրա ծախսերը գրեթե չեն տարբերվում «սպիտակից», որը քաղաքապետարանն արդեն առաջարկել է հանձնաժողովի քննարկմանը: Նորությունն այլ է.  «սեւ» հաշվարկում քաղաքապետարանը նշել է, թե միջինը որքան ուղեւոր է ամսական մեկ երթուղայինից օգտվում՝  5915:

Երթուղայինի ամսական եկամուտը (1 միլիոն 45 հազար) բաժանելով ուղեւորների քանակի վրա (5915)՝ ստացվում է 176 դրամ ինքնարժեք: Եկամուտի ի՞նչ նորմա դրան հավելել:  Եթե 10%, կստացվի  194 դրամ: Այսինքն՝ համարյա 200 դրամ: Սակայն ով եւ երբ կհամարձակվի դա ասել, դեռ հայտնի չէ: