ՀՀՇ վերականգնման հիմնադիր համագումարը քիչ առաջ ավարտվեց, միաձայն հաստատվեց կուսակցության ծրագիրը եւ կանոնադրությունը, որում առանձնապես փոփոխություններ չէին արվել։

Այնուհետեւ համագումարին ներկա պատվիրակներն ընտրեցին ՀՀՇ-ի վարչության կազմը, որը բաղկացած է 14 անդամից։ Նրանց շարքում են Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը, Տիգրան Հակոբյանը, Վարդուհի Էլբակյանը, Դավիթ Առաքելյանը, Կարեն Սավզյանը, Կարեն Կարապետյանը, Հակոբ Գրիգորյանը, Կարեն Ստեփանյանը, Սոնա Մուրադյանը, Խաչատուր Թումանյանը եւ Վարդգես Շահբազյանը։ 

ՀՀՇ վերածնող նախաձեռնող խմբի անդամ Արարատ Զուրաբյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 28-ին կկայանա ՀՀՇ վարչության անդրանիկ նիստը, որի ժամանակ կընտրվի վարչության եւ հանձնաժողովների նախագահող կազմը, այդ մասին լրացուցիչ կտեղեկացնեն։

ՀՀՇ նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Իգիթյանը իր ելույթում նշեց, որ իրենք ոչ մեկի դեմ ոչ մի բան չեն ստեղծում, «ոչ դեմ, ոչ ի հեճուկս, մենք նոր բան չենք ստեղծում, 25 տարի առաջ եղել է շարժում, եթե կա միեւնույն հարցով մտահոգված գործիչների զգալի զանգված, մի օր միավորվելու են, իսկ ասելիքը զգալի, նպատակուղղված է դառնում, երբ կուսակցություն ես ստեղծում»։

Նա նաեւ շեշտեց, որ իրենց ոչ ոք չի կարող մեղադրել, որ իրենք  իշխանության պրոյեկտ են։ «Մենք զգում ենք, որ մեք մեր գիտելիքները, միջազգային կապերը, Հայաստանում շրջապատը կարող ենք օգտագործել ժողովրդին օգնելու համար, եթե մարդիկ հիասթափված են կուսակցություններից կամ քաղաքական գործիչներից, մենք պետք է փորձենք մեր արժանապատիվ անցյալով բարձրացնել քաղաքական կուսակցությունների դերը։  Բարի ճանապարհ մեզ հինը նոր ձեւով ներկայացնելուն»,- ասաց Հովհաննես Իգիթյանը։

Նա նաեւ անդրադարձավ նաեւ Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցելու որոշմանը՝ ասելով, որ «մեր իշխանությունը ասում է, որ մենք Ղրղըզստանի հետ մեկտեղ պետք է մտնենք մի տեղ, որ դառնանք Բելառուս»։  Հովհաննես Իգիթյանը շեշտեց, որ ինքը չի ուզում իրեն խղճան, իր համար պարզաբանումներ գտնեն, թե ով կարող էր դիմանալ Պուտինին։ Նրա խոսքով՝  ՄՄ-ն տնտեսական միավորում չէ, պարզ երեւում է, որ դա ինչ-որ մի բանի դեմ ստեղծված միավորում է, եւ մեզ օգտագործում են։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am