Յուրի Վարդանյանի ավագ որդու՝ 29-ամյա Դավիթ Վարդանյանի փաստաբանը չի կարող բողոքարկել նրան կալանքի վերցնելու որոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Յուրի Վարդանյանի որդու փաստաբան Ռաֆիկ Սաֆարյանը: «Բողքարկել չեմ կարող, քանի որ մինչեւ ես կստանձնեի նրա պաշտպանությունը, նրա 5-օրյա կալանքի ժամկետը արդեն անցել էր: Հիմա նա երկամսյա կալանքի տակ է: Պետք է սպասվենք մինչեւ ժամկետի լրանալը»,- հիմնավորեց փաստաբանը: Նա միաժամանակ նշեց, որ գործի վերաբերյալ մանրուքներ չի կարող ասել, քանի որ իր առաջ, թե նախաքննական մարմինը, թե պաշտպանյալը նման պահանջ են դրել: Իսկ Յուրի Վարդանյանի մասով ասաց, որ նա իր հետ չի հանդիպել եւ գործին չի խառնվում: «Ես Յուրի Վարդանյանին չեմ էլ տեսել նա ընդհանրապես չի խառնվում»,- ասաց փաստաբանը: Հարցին, թե պայքարելու են հասնել արդարացմա՞ն, թե՞ պատժաչափի կրճատման, նա պատասխանեց. «Գործը դեռ նոր է, հիմա ոչինչ չեմ կարող ասել»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդու՝ 29-ամյա Դավիթ Վարդանյանի սահմանակետով թմրանյութ անցկացնելու դեպքի առթիվ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ 2013թ հոկտեմբերի 13-ին ՔՕ-ի 268-րդ հոդվածի 3-րդ մասի (առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով:) եւ 215 հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգություն, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ) հատկանիշներով ոստիկանության Սյունիքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրգործ: Հոկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել Դավիթ Վարդանյանին եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հոկտեմբերի 16-ին քրեական գործը ընդունվել է վարույթ քննչական գլխավոր վարչության ՀԿԳ գլխավոր վարչությունում: Նախաքննությունը շարունակվում է: NEWS.am-ը հայտնել էր նաեւ, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդուն՝ 29-ամյա Դավիթ Վարդանյանին, 7-8 օր առաջ ձերբակալել են Իրան-Հայաստան սահմանին: Սահմանակետով թմրանյութ անցկացնելիս նրան ձերբակալել էին, ապա՝ կալանավորել եւ ուղարկել Երեւան՝ քննչական մեկուսարան:





























