26-ամյա Դավիթ Թ.-ն նախկին ընկերուհուն առաջարկել է աչքերը փակել՝ անակնկալը մատուցելու համար, եւ կտրել կոկորդը: Աջափնյակ եւ Դավթաշեն  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 26-ամյա Դավիթ Թ.-ն, այս տարվա մայիսի 7-ին, անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հ.-ից, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով գնացել է նրա վարձակալած բնակարան, թե իբրեւ անակնկալ նվեր ունի տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հ.-ի կոկորդը, ինչի հետեւանքով վերջինս տեղում մահացել է:

Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, երիտասարդը հրկիզել է բնակարանը` սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի  104  հոդվածի  1-ին մասով (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով: 

Քրեական գործ է հարուցվել նաեւ 185  հոդվածի  2-րդ մասի  1,2 կետերով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառելը): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 22-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: