18-ամյա Ջոնիկ Հ.-ն, ամուսնության նպատակով, անչափահաս ընկերների հետ, առեւանգել է դասընկերուհուն, սակայն նրանց հայտնաբերել են ՃՈ աշխատակիցները: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 18-ամյա Ջոնիկ Հ.-ն այս տարվա մարտի 16-ին, նախնական համաձայնության գալով Արագածոտնի մարզի անչափահաս բնակիչներ Նարեկ Հ.-ի եւ Գեղամ Հ.-ի հետ, հաստատապես իմանալով, որ Հայկուշ Մ.-ն անչափահաս է, նրա հետ ամուսնանալու նպատակով, բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել են Ս. Գ-ի վարած տաքսի ավտոմեքենան եւ փորձել առեւանգել: Սակայն ճանապարհին նրանց հայտնաբերել են ճանապարհային ոստիկանները եւ բերման ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:

Ջոնիկ  Հ.-ն իրավապահներին պատմել է, որ շուրջ մեկ տարի սիրել է իրենց գյուղի բնակչուհի, իր համադասարանցի, գործով անչափահաս տուժող Հայկուշ Մ.-ին: 2012 թվականի ընթացքում, շուրջ 8 ամիս, Ջոնիկ Հ.-ն եւ Հայկուշ Մ.-ն ընկերություն են արել, սակայն հետո բաժանվել են:

Այդուհանդերձ, Ջոնիկ Հ.-ն ցանկացել է շարունակել իր կապը Հայկուշ Մ-ի հետ, որին վերջինս դեմ է եղել եւ Ջոնիկն իր անչափահաս ընկերների հետ որոշել է տաքսի մեքենայով առեւանգել Հայկուշ Մ-ին:

Սկզբում տաքսու վարորդը չի համաձայնել, բայց հետո միտքը փոխել է:

Տեղեկանալով դեպքի մասին՝ Հայկուշ Մ-ի եղբայրը` գործով վկա Հովհաննես Մ.-ն, զանգահարել է իրենց բարեկամ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ի դասակի տեսուչ Սիրակ Մինասյանին եւ հայտնել, որ իր քրոջն առեւանգել են: Որոշ ժամանակ անց այդ մեքենան եւ դրա մեջ գտնվող անձինք ճանապարհային ոստիկանության կողմից հայտնաբերվել են Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, որտեղից բերման են ենթարկվել Աշտարակի ոստիկանության բաժին:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար անչափահասներ Ջոնիկ Հ.-ին, Նարեկ Հ.-ին եւ Գեղամ Հ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով: Քննելով գործը դատարանը նրանց  նկատմամբ նշանակել է պատիժ` ազատազրկում 4  տարի ժամկետով, սակայն կիրառել  է  ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Առաջիկայում գործը կհանձնվի դատարանի արխիվ: