Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բարոյական իրավունք չունի հայկական եկեղեցի մտնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Միասնական Ջավախք» կազմակերպության ղեկավար Վահագն Չախալյանը:

«Մենք բողոքի ակցիա էինք կազմակերպել Սահակաշվիլիի դեմ: Ջավախք այցելության ժամանակ ինքը մոտեցավ եւ պատրաստակամություն հայտնեց լսել մեզ: Անկեղծ ասած, ես չէի սպասում, որ նա կմոտենա»,-նշեց Չախալյանը:

Նա պատմեց, որ նախագահի հետ զրույցում ինքն ասել է, որ Սահակաշվիլիի օրոք Վրաստանի իշխանություններն անօրինական գործողություններ են իրականացրել Ջավախքում: Հայ ակտիվիստի խոսքով՝ ինքը նշել է, որ Ջավախքի հայկական դպրոցներում հայ ժողովրդի պատմության եւ հայ գրականության ուսուցումն արգելել են, խոսել է հայերենի կարգավիճակի մասին, որ խախտվում են դատարանի առջեւ կանգնած հայերի իրավունքները, որոնք չգիտեն վրացերեն:
«Մենք խոսեցինք Վրաստանում հայկական եկեղեցիների վիճակի մասին, ես ընդգծեցի, որ հայ եկեղեցին Թբիլիսիի կենտրոնում մինչ օրս չի վերականգնվել, որ ժողովրդավարական երկրին հարիր չէ տաճարի նման վիճակը»,-պատմեց Չախալյանը՝ հավելելով, որ Սահակաշվիլին 20 րոպե լուռ լսել է եւ ոչինչ չի պատասխանել: Նա հունից դուրս է եկել այն ժամանակ, երբ Չախալյանն ասել է, որ այդ ամենի համար պատասխան պիտի տա:

«Նա փորձեց ընդդիմանալ ինձ՝ հայտարարելով, որ ասֆալտապատվել են Ջավախքի փողոցները, լուսավորություն է անցկացվել: Ես էլ պատասխանեցի, որ լույս մինչեւ այդ էլ եղել է, իսկ գերեզմանոցների միջով անցնող ճանապարհներ մեզ պետք չեն»,-ասաց Ջավախյանը:

Նրա ներկայացմամբ՝ Սահակաշվիլին իրեն անվանել է «սեպարատիստ» եւ հայտարարել, որ կրիմինալն իրեն բարոյականության դասեր տալու իրավունք չունի: «Նա ինձ անվանեց կրիմինալ, ես շատ կուլտուրական խնդրեցի նման բառեր չասել: Երբ ես նրան հիշեցրի, որ 4,5 տարին ինձ բանտում է պահել, նա արձագանքեց. «Ի՞նչ ես ուզում, սովորիր վրացերեն»,-ներկայացրել Չախալյանը՝ հավելելով, որ Սահակաշվիլին իրեն շատ անպարկեշ է պահել: Նշենք, սակայն, որ Չախալյանն ու նրա ընկերները կիսատ թողնելով Սահակաշվիլիի հետ վիճաբանությունը, նրա հասցեին բացականչել են «Միշա սիկտիր»:

Հիշեցնենք, որ Սահակաշվիլին հոկտեմբերի 25-ին այցելել է Ջավախքի տարածաշրջան եւ տեսնելով Չախալյանին, որը հունվարին համաներմամբ է ազատ արձակվել բանտից, մոտեցել է եւ բանավեճի մեջ մտել նրա հետ:

«Միասնական Ջավախք» կազմակերպության ղեկավար Վահագն Չախալյանը ձերբակալվել էր 2008-ի հուլիսի 21-ին եւ մեղադրվել զենք-զինամթերք պահելու, հասարակական կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներ կազմակերպելու, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ խմբակային դիմադրություն ցուցաբերել համար: 2009-ի ապրիլին նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Սահակաշվիլին նրան ազատ արձակելու որոշման պատասխանատվությունը դրել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի վրա, իսկ Չախալյանին անվանել «Վրաստանի ներքին թշնամի» եւ «ռուսական հատուկ ծառայությունների գործակալ»: