Պեկինում Տյանանմեն հրապարակը փակել են հրդեհի պատճառով, որը առաջացել է մարդկանց բախված մեքենայի բռնկման հետեւանքով: Զոհվել է երեք մարդ, մի քանիսը տուժել են:
Հրապարակում մեքենան դուրս էր եկել ճանապարհից, անցել արգելապատնեշը, բախվել մարդկանց եւ բռնկվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Սինհուա» գործակաությունը:
Զոհվել են վարորդը եւ երկու ուղեւոր, տուժել՝ մի քանի զբոսաշրջիկ եւ մեկ ոստիկան: Ոստիկանությունը դադարեցրել էր հրապարակով երթեւեկությունը եւ տարհանել մարդկանց: Ականատեսները հայտնել են, որ դեպքի վայր են ժամանել հրշեջ մեքենաներ, շտապօգնության եւ ոստիկանության մի քանի մեքենա: Արտասահմանցի զբոսաշրջիկներից մեկը պնդում է, որ հրդեհին նախորդող պայթյունի ձայն է լսել:
Միջադեպը տեղի է ունեցել հրապարակի հյուսիսային հատվածում` Գուգուն («Արգելված քաղաք») թանգարանային համալիրի գլխավոր մուտքից ոչ հեռու:





























