«Ռոսպոտրեբնադզոր»-ը պայմաններ է ներկայացրել, որոնք կատարելու դեպքում Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Լիտվայից կաթնամթերքի ներկրումը:
Լիտվային առաջարկվել է քննություն անցկացնել` կաթնամթերքի վատ որակի պատճառները հայտնաբերելու եւ դրանք վերացնելու համար, ապահովել ապրանքի փաստացի բաղադրության համապատասխանությունը պիտակում նշվածին, լուծել պիտակավորման հետ կապված ռուսական պահանջներին համապատասխանելու հարցը, ռուսերենով տեխնիկական փաստաթղթեր ներկայացնել կաթնամթերքի համար, բարձրացնել արտադրողների պատասխանատվությունը` Ռուսաստան մատակարարվող ապրանքի որակի եւ անվտանգության հարցում:
Գերատեսչությունում հայտնել են, որ հոկտեմբերին դադարեցված Լիտվայից կաթնամթերքի ներկրելու հարցը քննարկվելու է միայն այդ պայմանները կատարելու վերաբերյալ տեղեկություն ստանալուց հետո, հայտնում է gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ը արգելել էր Լիտվայից կաթնամթերք ներկրել ռուսական շուկա, ուժեղացրել էր այդ երկրից ներկրվող մսի եւ ձկան նկատմամբ վերահսկողությունը: Ի պատասխան Լիտվայի իշխանությունները սպառնացել էին բողոքել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, եթե Ռուսաստանն արգելքը չեղյալ չհայտարարի:





























