Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե գործազրկության նպաստները 94%-ով անարդյունավետ են օգտագործվել՝ հաղորդում է հանցագործության մասին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Մինչ այդ Տ. Սարգսյանն իր ելույթում նշեց, թե գործազրկության նպաստներն անարդյունավետ են եղել, քանի որ 94% դեպքերում դրանք ստացել են ապահովված մարդիկ, որոնք աշխատանք չեն էլ փնտրել:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին պարզաբանեց, թե նպաստ ստացողները 6 ամսից 1 տարի հետո պետք է զբաղված լինեն, սակայն գործազրկության նպաստի պարագայում զբաղվածություն ապահովվում է ընդամենը վեց տոկոսի համար:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն օրերս առաջին ընթերցմամբ ընդունեց «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխությունները, որով վերացվում են գործազրկության նպաստները:





























