Նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունները ուղղված չեն Հայաստանի դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոն՝ մեկնաբանելով Լուկաշենկոյի հայտարարությունները, որոնք նա արել է օրեր առաջ ԱՊՀ երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների առաջ:

Իր ելույթում Լուկաշենկոն հայտարարել էր, որ Հայաստանին Մաքսային միություն ընդունելով՝ հարկավոր է հաշվի նստել նաեւ Ադրբեջանի կարծիքի հետ՝ հաշվի առնելով երկու երկրների միջեւ չլուծված տարածքային խնդիրները:

«Չեմ կարող մեկնաբանել ելույթի առանձին հատվածներ, քանի որ պետք է հաշվի առնել ամբողջ ելույթը, որպեսզի հասկանալ, թե հենց ինչ է նա նկատի ունեցել»,-ասել է դեսպանը: Այսպես, թե այնպես, պետք չէ կարծել, որ Բելառուսը դեմ է, որպեսզի Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը: «Ոչ մի դեպքում: Հանրապետության նախագահը միանշանակ հայտարարել է, որ մենք կողմ ենք Մաքսային միության ընդլայնմանը, մենք կողմ ենք նոր գործընկերների ներգրավմանը: Հայաստանը բարեկամական, եղբայրական երկիր է եւ մենք երկու ձեռքով աջակցելու ենք վերջինիս Մաքսային միությանն անդամակցելու բոլոր փուլերին»,-ընդգծել է Սուխորենկոն: