Արտաքին առեւտրի խթանում, մաքսային վարչարարության պարզեցում, ներդրումային միջավայրի բարելավում, կոռուպցիոն երեւույթների հաղթահարում. ՊԵԿ-ը բարեփոխումների հերթական քայլն է կատարում` ներդնելով դեղերի եւ դեղանյութերի ներմուծման «Մեկ պատուհան» համակարգ: Գործող էլեկտրոնային կառավարման համակարգերին կոմիտեն աստիճանաբար ինտեգրում է նաեւ այլ գերատեսչությունների:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե մասնավորապես, նոյեմբերի 1-ից դեղեր ներմուծող յուրաքանչյուր ընկերություն, մուտք գործելով trade.customs.am կամ trade.gov.am նորաստեղծ կայքեր, առողջապահության նախարարությանը եւ դեղերի ու տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին իր գրասենյակից առցանց դեղերի ներմուծման հավաստագրի հայտ ներկայացնելու հնարավորություն կունենա:

Ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Տիգրան Տիգրանյանի, «հենց գրասենյակից գործարարները կկարողանան հետեւել հայտի մշակման ողջ գործընթացին` արդյունքում ստանալով ներմուծման հավաստագիրն էլեկտրոնային տարբերակով: Այդպիսով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները կազատվեն նաեւ հավաստագիրը մաքսային ծառայությանը ներկայացնելու անհրաժեշտությունից, քանի որ այն նոր ծրագրի շնորհիվ նույն պահին էլեկտրոնային եղանակով արդեն իսկ հասու կլինի մաքսավորին»: Հավաստագրում առկա դեղերի, ղեղանյութերի անունների, նկարագրությունների ու ծածկագրերի ավտոմատ զետեղումը թույլ կտա բացառել մեխանիկական սխալները եւ նվազեցնել ձեւակերպումների համար պահանջվող ժամանակահատվածը։

«Մաքսբրոք» մաքսային գրասենյակ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Հարությունյանի խոսքերով,  «ՊԵԿ-ն էլեկտրոնային կառավարման համակարգ է ներգրավում նաեւ շահագրգիռ այլ գերատեսչությունների, տվյալ դեպքում առողջապահության նախարարությանը եւ նրա ենթակառուցվածքները, նրանց եւս մասնակից է դարձնում «մեկ պատուհան համակարգին», քանի որ հիմնական գործողությունները կատարվում են այդ գերատեսչություններում»:

«Ռիխտեր-Լամբրոն» համատեղ ձեռնարկության գլխավոր հաշվապահ Հեղնար Ղարիբյանի կարծիքով, «ՊԵԿ-ի կողմից ներդրված նոր համակարգը ընդառաջ քայլ է դեպի բիզնես, որը բավականին կհեշտացնի դեղ ներմուծողների աշխատանքը, դյուրին եւ պարզ կդարձնի ներմուծման ամբողջ գործընթացը»: