Միացյալ մաքսային միության անդամ երկրների հետ առեւտուրը աստիճանաբար միավորվում է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Բելառուսի Առեւտրա-արդյունաբերական պալատի Մինսկի մասնաճյուղի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ֆեդորչուկը: «Մենք հիմա, կարելի է ասել, նույն լեզվով ենք խոսում. այն սահմանները, որոնք կային նախկինում, այսօր վերանում են: Այս գործընթացն արդեն սկսվել է ու ավելի նշանակալի է դառնում»,- հայտարարել է նա:
Մեծ հաշվով սա վերաբերում է ապրանքի ու կապիտալի ազատ տեղաշարժին, սակայն առաջին հերթին՝ չափանիշների միավորմանը: «Մեր ձեռնարկատերերի հետ զրույցից երեւում է, որ այդ խոչընդոտը սկբունքային չէ, սակայն միացյալ չափանիշները սահմանմամբ, իհարկե, առեւտուրն ավելի դյուրին կդառնա»,- նշել է Ֆեդորչուկը: «Ընդհանուր առմամբ, բիզնեսից ստացվող ինտեգրացիան ու շահը վկայում են, որ գործընթացն օգտակար է ու անհրաժեշտ»,- հավելել է նա:
Այն հարցին, թե չի խանգարում արդյոք ԵՄ ու ՄՄ չափանիշների տարբերությունը, Ֆեդորչուկը նշել է. « Թեման բարդ է ու հանգամանորեն ուսումնասիրություն է պահանջում: Ամեն դեպքում Բելառուսը ԵՄ հետ առեւտուր ունեցել է ու շարունակում է ունենալ»:





























