Ֆրանսիայում ձերբակալել են փոքրիկ աղջկա ծնողներին, ովքեր երեխային ծնված օրից պահում էին մեքենայի բեռնախցիկում:
15-ից 23 ամսական երեխային հայտնաբերել են ավտոսրահի մեխանիկները Տերասոն քաղաքում, որտեղ կինը մեքենան հանձնել էր վերանորոգման: Ինչպես պատմում են կենտրոնի աշխատակիցները, նրանք նայել են բեռնախցիկը, երբ այնտեղից մլավոցի նմանվող ձայներ են լսել: Նրանք հայտնաբերել են մահացող մերկ երեխայի, որը պառկած էր սեփական արտաթորանքի մեջ: Աղջիկը չէր կարողանում պահել գլուխը, իսկ մաշկը անբնական բաց գույն ուներ, քանի որ երեխան արեւի լույս գրեթե չէր տեսել: Աղջկան շտապ հասցրել են հիվանդանոց, որտեղ բժիշկները ախտորոշել են թերզարգացում ու հոգեկան խախտումներ:
Տեղեկանալով հայտնաբերման մասին՝ ոստիկանները ձերբակալել են 45-ամյա մորն ու նրա 40-ամյա զուգընկերոջը, որոնց սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում երեխային տանջանքների ենթարկելու ու անօգնական վիճակում թողնելու համար: Զույգի մյուս երեք երեխաներին՝ 4-ից 10 տարեկան հասակի, ոստիկանությունը հանձնել է սոցիալական ծառայություններին:




























