Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոն նախարարներին խնդրել է էլեկտրոնային գաղտնալսումներից խուսափելու համար առանց սմարթֆոնների ներկայանալ նիստերին, որոնց ընթացքում քննարկվում են «նուրբ հարցեր»: Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղարը:
Նրա խոսքով՝ կառավարության անդամներն այժմ հեռախոսները թողնում են հարեւան սենյակում:
Բելգիան աջակցել է Ֆրանսիայի եւ Գերմանիայի՝ մինչեւ տարեվերջ ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցություններ անցկացնելու նախաձեռնությունը, որոնց նպատակը ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից զանգվածային գաղտնալսումների վերաբերյալ տեղեկության առթիվ ծագած տարաձայնությունների հարթումն է:
Դի Ռուպոյի խոսքով՝ բանակցությունների նպատակը կլինի ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների հատուկ ծառայությունների միջեւ փոխգործակցության կազմակերպումը, որպեսզի ապագայում բացառվի «փոխադարձ լրտեսությունը քաղաքացիների անձնական կյանքի նկատմամբ եւ տնտեսական լրտեսությունը», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից զանգվածային գաղտնալսումների լուրի շուրջ սկանդալ էր ծագել եվրոպական մի շարք թերթերի հրապարակումներից հետո, որոնք հիմնվել էին ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի տրամադրած նյութերի վրա:





























