Ջավախահայության առաջին խնդիրը դպրոցներում հայոց լեզվի եւ հայ գրականության ժամերի կրճատումն է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, «Վրացահայերի միություն» հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանը:
«Ինձ համար կարեւոր են խնդիրները, որոնք կապված են հայագիտության ու հայապահպանության հետ: Սոցիալական հարցերի լուծումը եւ Ջավախքում աշխատատեղերի ստեղծումը եւս կարեւոր է»,- ընդգծել է պատգամավորը:
Ի պատասխան այն հարցին, արդյոք Վահագն Չախալյանի հետ կապված միջադեպը անդրադարձել է նախագահական ընտրությունների վրա, Տաճատ Վարդապետյանը կարծիք է հայտնել, որ այդ զրույցի ընթացքում, հնարավոր է, անգամ Սահակաշվիլիի վարկանիշը ջավախահայության շրջանում մի փոքր բարձրացել է: «Չախալյանը թվարկել է նրա նախագահության ընթացքում թույլ տված բոլոր բացթողումները, իսկ նա լուռ լսել է՝ բարի կամք դրսեւորելով»,-ընդգծել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հոկտեմբերի 25-ին Ախալքալակ կատարած այցի ընթացքում լեզվակռվի մեջ է մտել Վահագն Չախալյանի հետ, որն այս տարվա զանգվածային համաներման արդյունքում էր ազատ արձակվել: Չախալյանը Սահակաշվիլիի իշխանություններին մեղադրել է որ նրանք հավուր պատշաճի չեն հոգացել հայկական եկեղեցիների մասին եւ դպրոցական ծրագրից դուրս են թողել հայ գրականության դասերը:





























