Հայաստանի պետական եկամուտների  կոմիտեն հրապարակել է 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի եւ տուրքերի մեծության: Ցանկում  ընդգրկված են նաեւ ՀՀ  ուսումնական հաստատություններ եւ կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ` այդ թվում 20 բուհեր եւ Կրթության ազգային ինստիտուտը :

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 1մլրդ 172 մլն դրամ վճարման ցուցանիշով: Երկրորդը Երեւանի պետական համալսարանն է ՝73-րդ տեղ (վճարել է 1 մլրդ 149 մլն դրամ ) , երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որը 549 մլն 72 հազար դրամ ցուցանիշով 159-րդ տեղում է: Չորրորդը՝  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն է 439մլն 488 հազար դրամով եւ գտնվում է  185-րդ տեղում, որին  հաջորդում է  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (192-րդ տեղ՝ 420 մլն 953 հազար դրամ):

Խոշոր հարկատուների ցանկում  ըստ հաջորդականության ընդգրկված են Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը, Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայ-ռուսական(սլավոնական) համալսարանը, Գյումրու Նալբանդյանի անվան մանկավարաժական ինստիտուտը,Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ՀՀ ոստիկանական ակադեմիան, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Ֆրանսիական համալսարանը, Գեղարվեստի պետական ակադեմիան եւ Գավառի պետական համալսարանը:

Բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված  կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 6,3 մլրդ. դրամ: Ի դեպ նախորդ տարվա՝ 2012 թվականի ցուցանիշը եղել է շուրջ 3,9 մլրդ դրամ: