Ադրբեջանի փոխվարչապետ, հարկադիր տեղահանվածների եւ փախստականների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը հայերին հաշվեհարդարով է սպառնացել:
Հերթական արյունարբու հայտարարությունների պատճառը «Զանգելանի շրջանի օկուպացիայի 20-ամյակն է»: Բնականաբար, Ալի Հասանովը ոչ մի բառ անգամ չի հիշատակել Լեռնային Ղարաբաղում հենց Ադրբեջանի կողմից նախաձեռնված պատերազմի, Բաքվի, Սումգաիթի եւ այլ քաղաքների հայերի կոտորածների մասին: Փոխանակ ողբերգական անցյալից դասեր քաղելու՝ ադրբեջանցի պաշտոնյան կրկին արյունահեղությամբ է սպառնում: «Այսօր Ադրբեջանի օկուպացված Զանգելանի շրջանում հայեր են վերաբնակեցվել: Այդ հայերը երկրորդ անգամ կվերապրեն փախստականի ճակատագիրը»,-լրագրողներին է հայտնել Հասանովը, հաղորդում է ԱՊԱ-ն:
Հասանովի խոսքով՝ նախագահ Իլհամ Ալիեւը երդմնակալության ժամանակ հայտարարել է, որ «ազատագրվելու են ոչ միայն Ղարաբաղն ու մյուս օկուպացված տարածքները, այլեւ Գեյչեն ու Զանգեզուրը, ադրբեջանցիները վերադառանլու են իրենց պատմական տարածքները»: «Պատմական արդարությունը կհաղթանակի: Զանգեզուրի շրջանը ստեղծվել է 1930թ: Սակայն 1940-1950թթ շրջանի հողերի մեծ մասը փոխանցվել է Հայաստանին, այդ թվում՝ Նուվեդին ու այլ գյուղեր: Ադրբեջանցիները կվերադառնան նաեւ այդ հողեր: Ես նախազգուշացնում եմ հայերին, որոնք վերաբնակվել են Զանգիլանում. նրանք միշտ չէ, որ ապրելու են այդ հողերում: Ադրբեջանցիները վերադառնալու են եւ Զանգեզուր, եւ Գեյչե»:





























