Մայրաքաղաքի փողոցների փոսային նորոգումների ընթացիկ տարվա հիմնական ծրագրերն արդեն ավարտվել են, սակայն, ելնելով անհրաժեշտությունից, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այժմ այդ ուղղությամբ ճանապարհաշինական կազմակերպությունները լրացուցիչ աշխատանքներ են կատարում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե հատվածաբար վերացվում են վարչական շրջանների տարածքներում հայտնաբերված եւ արձանագրված ասֆալտի քանդված ծածկույթի թերությունները: Հատուկ ուշադրություն է դարձվում երկրորդական փողոցներին:
Գործընթացը, ըստ Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության համանուն բաժնի պետ Ֆելիքս Յայլոյանի, կշարունակվի՝ քանի դեռ առկա են բարենպաստ եղանակային պայմանները: Հետագայում փոսային նորոգումների ենթարկված փողոցները պարբերաբար կներառվեն փողոցների հիմնովին կամ մասնակի նորոգման ծրագրերում:




























