Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի թիվ 44 դպրոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը, որն այսուհետ Երեւանի ավագանու որոշմամբ կկրի պոլսահայ նշանավոր լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի անունը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե դպրոցի համար հանդիսավոր օրը նշանավորվել է նաեւ Հրանտ Դինքի հուշատախտակի բացումով: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին:

Այնուհետ  Երեւանի քաղաքապետն ու Հրանտ Դինքի ընտանիքի անդամները ներկա են գտնվել օրվա խորհրդի շրջանակում կազմակերպված «Ես Հրանտ Դինքն եմ» խորագիրը կրող միջոցառմանը:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ իրականում մեծ պատիվ է կրթվել ու դաստիարակվել  Հրանտ Դինքի անունը կրող դպրոցում, ում կենսագրությունն արդեն իսկ մեծ խորհուրդ է բոլորի ու հատկապես այսօրվա սերնդի համար. «Հրանտ Դինքը որպես ուսուցիչ, որպես խմբագիր, որպես հրապարակախոս, իր ասելիքներն ու գրվածքները, իր կերպն անընդհատ ուսումնասիրման առիթ է լինելու բոլորիս համար: Միեւնույն ժամանակ նաեւ խորհուրդ՝ մեր հոգածության ներքո առնելու սփյուռքի մեր յուրաքանչյուր զավակին, քանզի նրանց մեջ են նաեւ ստեղծագործ կերպերը, որոնք շարունակում են պահպանել հայ ինքնությունը, տեսակը եւ հայեցի դրսեւորումները: Գնահատելի է, որ այսօրինակ ջերմությամբ է այսօր անվանակոչվում այս դպրոցը, այսպիսի հարգանքով ու, որ ամենակարեւորն է, ազգայինի գիտակցմամբ»,- նշել է Արամ Սուքիասյանը:    

Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երեւանի քաղաքապետին նախաձեռնության, ինչպես նաեւ հրանտդինքյան ոգով ու շնչով առլեցուն օրվա համար: