Հայաստանում հանցավոր ճանապարհով ձեւավորված իշխանությունը շարունակում է իր հակաժողովրդական գործունեությունը, ինչի արդյունքում անպատժելիությունը, կորռուպցիան, պետական ունեցվածքի կողոպուտը նոր թափ են հավաքում: Այդ մասին ասվում է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միության հայտարարության մեջ:
«Թալանի հերթական փորձը կատարվեց քաղաքային տրանսպորտի սակագները բարձրացնելով, որը սակայն ժամանակավորապես դադարեցվեց քաղաքացիական ընդվզման հզոր ալիքի պատճառով:
Սերժ Սարգսյանի վարչախումբը, սակայն չի հրաժարվել ժողովրդի հաշվին հարստություններ դիզելու իր միակ նպատակից եւ կրկին օրակարգ է բերել տրանսպորտի գների թանկացման հարցը: Ռեժիմը սրանով ապացուցում է, որ իր համար կարեւոր չէ հանրային պահանջը, եւ որոշման հետ կանչելը նպատակ ուներ կասեցնելու օր օրի աճող ժողովրդի բողոքը:
Ողջունում ենք ռեժիմի ապօրինի գործունեության նկատմամբ դիմադրության ցանկացած փորձ եւ մեր աջակցությունն ենք հայտնում «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամներին` կասեցնելու քաղաքային տրանսպորտի թանկացումը: Կարեւորելով քաղաքացիների եւ քաղաքական ուժերի միասնական օրակարգի ձեւավորումը` երկրում պատասխանատվության ինստիտուտի կայացման, անօրինության, անպատժելիության վերացման հարցերում, միանում ենք շարժման անդամների հայտարարությանը, հայտնում ենք մեր պատրաստակամությունն ու վճռականությունը պայքարելու հանուն արդարության վերականգնման:
Կոչ ենք անում նաեւ բոլոր քաղաքացիներին, քաղաքական ուժերին միանալու` համատեղ ուժերով հնարավոր դարձնելու ռեժիմի տապալումը եւ իրավական Հայաստանի ձեւավորումը»,- նշել են հայտարարության հեղինակները:





























