«Հրաչ Մուրադյան - արդարության պահանջ» հասարակական շարժումը նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:
Նամակում նշվում է, որ 2013թ. ապրիլի 2-ին Պռոշյան համայնքում` գյուղապետարանի առաջ, սպանվեց Արցախյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Պռոշյանի գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանը, անցել է յոթ ամիս, նախաքննությունը շարունակվում է, եւ այդ անարգ ոճիրը դեռեւս չի բացահայտվել:
«Հերթական անգամ հասարակության մեջ թերահավատություն է առաջացել արդարադատության հանդեպ: Մտահոգություն կա, որ այս երկար ընթացքում ամբողջական եւ բազմակողմանի քննություն չի իրականացվել: Նման եզրակացության հիմք է տալիս այն, որ նախկինում էլ այստեղ հանցագործություններ են կատարվել. 2009 եւ 2010թթ. Պռոշյանի գյուղապետարանի վրա հարձակումներ են եղել, 2010թ. գյուղապետ Հրաչ Մուրադյանի եւ իր եղբորորդու դեմ մահափորձ է կատարվել, 2012թ. սեպտեմբերին խուլիգանական հարձակում է եղել: Այդ հանցագործությունների չբացահայտումը եւ անպատժելիությունը, ի վերջո, հանգեցրել են Հրաչ Մուրադյանի սպանությանը:
Սպանությունից հետո` 2013թ. գյուղապետի ընտրությունների ժամանակ, իշխանության որոշ շրջանակներ չափազանց ակտիվություն դրսեւորեցին. օգտագործվեցին վարչական եւ ֆինանսական լծակները, հստակ ուղղորդվեցին զինծառայողները, եւ պատճառահետեւանքային կապ ստեղծվեց սպանության միջոցով գյուղապետ Հրաչ Մուրադյանի վերացման եւ նրա հակառակորդների` ամեն գնով իշխանության հասնելու միջեւ: Սրանով ամպրապնդվեց նախկին եւ վերջին հանցագործությունների փոխկապակցվածությունը: Կարծիք կա, որ այսօր այդ նույն ուժերը խոչընդոտում են գործի բացահայտմանը:
Պարոն Նախագահ, պահանջում ենք սպանության բացահայտման գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության տակ, ապահովել ամբողջական եւ բազմակողմանի քննություն: Վստահ ենք` նախորդ հանցագործությունների, հատկապես` 2010թ. մահափորձի բացահայտումը կհանգեցնի նաեւ «Մարտական խաչի» շքանշանակիր Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանը: Մեկ անգամ եւս շեշտում ենք, որ սա մեր պետության պատվի խնդիրն է»,- ասված է նամակում:





























