Եթե նույնիսկ չհաջողվի կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, միեւնույնն է, վաղ, թե ուշ նոր բանակցություններ կսկսվեն։ Մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։ Բացի այդ, նրա համոզմամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի է մտել, որից դուրս գալ հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ Անկարան քայլեր ձեռնարկի՝ ցույց տալու իր հետաքրքրվածությունը գործընթացի շարունակման հարցում։
«Եթե այդ գործընթացը հաջողությամբ չավարտվի, կսկսի նորը, եւ մենք այդ ժամանակ հիմք, փորձ եւ արձանագրություններ կունենանք, ասելու, որ Թուրքիան հրաժարվել է նախապայմաններից»,-նշեց Սաֆրաստյանը։
Փորձագետի կարծիքով, Հայաստանը չպետք է առաջին քայլը կատարի, քանի որ Թուրքիան ոչինչ չի արել գործընթացը շարունակելու համար։ Նա չբացառեց, որ եթե գործընթացը սառեցվի, ապա Երեւանը դուրս կգա դրանից։
Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ուղերձում կարտասանի «ցեղասպանություն» եզրույթը, փորձագետը նշեց, որ դա կախված է Թուրքիայի պահվածքից. «Եթե ԱՄՆ գոհ լինի ԱՆկարայից, Օբաման չի արտասանի „ցեղասպանություն“ եզրույթը, եթե ոչ, ապա հնարավոր է, որ արտասանի»: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, Միացյալ Նահանգները, ի տարբերություն նախկին տարիների, ավելի մոտ է կանգնած պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն։




























