Հայկական մեդիադաշտի արձագանքները Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված ժպիտ են առաջացնում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Մեդիադաշտը փորձում է մեզ կռվացնել ԱՊՀ երկրների հետ… 3-4 տարիների ընթացքում, երբ Հայաստանը բանակցում էր Ասոցացման պայմանագրի շուրջ, եվրոպական ազդեցիկ պարբերականներում Հայաստանին քննադատող նյութեր են հրապարակվել, սակայն դա որոշ լրատվամիջոցների եւ քաղաքական շրջանակների համար շահարկման թեմա չի դարձել…»,- ասաց Ա. Աշոտյանը: Նրա կարծիքով՝ ռուսական ОРТ հեռուստաալիքով ցուցադրված հակահայկական ռեպորտաժը շահարկվում է, թեեւ ինքն էլ վրդովված է դրանում արտահայտված ձեւակերպումներից: «Եթե ՌԴ իշխանությունները փորձեին Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը հասկանալ հայկական մամուլի հրապարակումներով, ապա շատ տհաճ նստվածք կառաջանար»,- ասաց Ա. Աշոտյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանի որոշ լրատվամիջոցներ փորձում են հակառուսական տրամադրություններ ստեղծել, ցավոք՝ որոշ ռուսական լրատվամիջոցներ էլ փորձում են լարվածություն առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում:




























