Ըստ երեւույթին, վերջերս Թուրքիայի վարչապետի մոտ հիշողության մասնակի կորուստներ են լինում, մեկ շփոթում է իր կողմից ղեկավարվող երկրում բնակվող հայերի քանակը, հիմա էլ մոռացել է իր ստացած նամակների մասին, կամ էլ ձեւանում է թե մոռացել է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մարտի 29-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում արած հայտարարությունը, թե "Ցեղասպանության թեման պետք է թողնել պատմաբաններին: «Այդ խնդիրը քաղաքական գործիչերը չպետք է լուծեն: Նմանատիպ որոշումները վատ են անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների վրա»,- ասել էր Էրդողանը՝ նշելով, որ դեռեւս 2005-ին ինքը այս թեմայով նամակ է գրել այն ժամանակվա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Սակայն ցանկանում եմ այս առիթը օգտագործել եւ թարմացնել նրա հիշողությունը: Պարոն Էրդողան, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ձեր նամակին պատասխանել է այն ստանալուց հաշված օրեր անց, որտեղ հստակ առաջարկում է որպես պատասխանատու ղեկավարներ ստեղծել միջկառավարական հանձնաժողով եւ անդրադառնալ երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերին: Հայաստանի նախկին նախագահի այս առաջարկությունը արտացոլված է նաեւ Ձեր արտգործնախարարի կողմից ստորագրած արձանագրություններում: Իմիջիայլոց Դուք ջանք չեք խնայում դրանց վավերացումը եւ իրականացումը խոչընդոտելու համար»,- նշեց Մելիքյանը: