Երեւանյան ավտոբուսները պետք է աշխատեն գազով, այլ ոչ թե դիզվառելիքով: Նման կարծիք արդեն մեկ անգամ չէ, որ հայտնում է «Իրազեկ ու պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով՝ գնի 1/3 հարաբերակցությունը, ինչն առ այսօր պահպանվում է գազի ու դիզվառելիքի միջեւ, չպետք է դրդի այլ եզրակացության: «Ինչո՞ւ ավտոբուսներն աշխատեն ավելի թանկ վառելիքով, եթե դրա դիմաց վճարում է սպառողը»,- հայտարարել է Պիպոյանը:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի հաշվարկների համաձայն՝ ամսական մեկ ավտոբուս ծախսում է 817 000 դրամի դիզվառելիք կամ ծախսերի 43,6 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ գազավ աշխատող ավտոբուսները ծախսում են ամսական 367 000 դրամ կամ ծախսերի 25,6 տոկոսը: Գազի ծախսի իրական գինը ավելի ցածր է, համարում է ՀԿ նախագահը:
Այլ կարծիք ունի ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերության նախագահ Հրանտ Եղիազարյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա հայտնել է, որ թեեւ գազն էժան է, սակայն շարքից հանում է շարժիչը՝ չհաշված որ շարժիչի ձեւափոխումը դիզվառելիքով աշխատելու փոխարեն աշխատել բենզինով, կազմում է 3500 դոլար: «Բացի այդ, գազը չոր վառելիք է, չկան յուղային միացություններ: Ոստի շարժիչն ավելի շատ յուղի կարիք է զգում, արագ շարքից դուրս է գալիս: Հաշվի առնելով այս ամենը՝ կորուստները համահավասարվում են»,- հավելել է նա:
Նշենք, որ Երեւանի ներքաղաքային երթուղայինները հիմնականում դիզելային են (չինական «Higer», ճապոնական «Hyndai County» եւ ուկրանական «Բոգդան»): Գազով աշխատում է միայն մեկ երթուղի (ՊԱԶ ավտոբուսներ):





























