«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը միանում է «Վճարում ենք 100 դրամ» շարժման նոր փուլին եւ կոչ է անում երեւանցիներին՝ պատասխանատվության կանչել հանրային միջոցներն ու հանրային ունեցվածքը չարաշահող պատասխանատուներին:
Նախաձեռնության տարածած հայտարարությունում ասվում է.
«Մեր՝ քաղաքացիներիս վճարած հարկերի գողությունը քաղաքապետարանի կողմից արդեն դարձել է սովորություն:
Երեւանի տրանսպորտի ոլորտի պատասխանատուների հանցագործությունները, գծատեր լինելն ու կոռուպցիան վկայում են, որ Երեւանի քաղաքապետարանը վերջնականապես կորցրել է հաշվետու եւ թափանցիկ կառավարման ընդունակությունը: Իմիտացիոն հանձնաժողովները՝ ինչպես տրանսպորտի ոլորտում, այնպես էլ էկոլոգիականը, պարզապես խորամանկություն եւ խորհրդային ոճի դրածո կոմիտեներ են:
Ինչպես հանրային կանաչ տարածքների ապօրինի յուրացման դեպքում, այնպես էլ տրանսպորտի ոլորտում հանրային շահի ոտնահարումը եւ մեր առողջության ու կյանքի վտանգման հաշվին մի քանի անձանց հարստացումը տանում են մայրաքաղաքի կենսագործունեության կոլապսին:
Կոչ ենք անում երեւանցիներին քաղաքապետարանում հայտնված հանցավոր անձանց ցույց տալ հանրության կամքը եւ ինքնուրույն քաղաքացիական գործողություններ իրականացնել:
Քաղաքացիական համերաշխության եւ ինքնակազմակերպման շնորհիվ իրավագիտակից հանրությունը կհասնի Երեւանում արդար եւ ժողովրդավար կառավարման իրականացմանը»:





























