Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է պլաստմասե տարաներ արտադրող «Օվալ պլաստիկ» ընկերություն, որտեղ ծանոթացել արտադրական գործընթացներին եւ ընկերության առաջիկա ծրագրերին: Նրան ուղեկցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը եւ ձեռնարկության ղեկավարները:
ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկանային կազմակերպությունն ընկերությանն արդեն իսկ տրամադրել է 140 մլն դրամի վարկ, եւս 60 մլն դրամ նախատեսում է տրամադրել առաջիկայում: Ստացված միջոցներից 60 մլն դրամն ընկերությունն ուղղել է գործող վարկային պարտավորությունների մարմանը, իսկ 80 մլն դրամը՝ հիմնականում կապիտալ ներդրումների իրականացմանը, մասնավորապես, նոր սարքավորումների ներմուծմանը, ինչպես նաեւ արտադրության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների համալրմանը: Ակնկալվող 60 մլն դրամով եւս նախատեսվում է ներմուծել նոր սարքավորումներ:
Նոր տեխնոլոգիաների ներդրումը ձեռնարկությանը թույլ կտա նվազեցնել արտադրական ծախսերը, ստեղծել նոր աշխատատեղեր, ավելացնել արտադրանքի տեսականին` հնարավորություն տալով մրցունակ դիրք զբաղեցնել ներքին եւ արտաքին շուկայում, ինչպես նաեւ խնայել լրացուցիչ դրամական միջոցներ եւ դրանք ուղղել արտադրության զարգացմանը:
«ՕՎԱԼ պլաստիկ» ընկերությունն այժմ ունի 169 աշխատակից: Առաջիկա ծրագրերի արդյունքում նախատեսվում է ավելացնել աշխատատեղերի թիվը:
Ընկերության ապրանքատեսակները լայն կիրառում են գտել սննդամթերքի արտադրությունում, բժշկության եւ դեղագործության մեջ, ինչպես նաեւ առօրյա կյանքում: Արտադրատեսակներն արտահանվում են Վրաստան, աշխատանքներ են տարվում նաեւ ՌԴ արտահանելու ուղղությամբ:





























