Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը հերքում է, որ իր տղան նարկոման է կամ զբաղված է նարկոտիկների առեւտրով; Նախարարն այսօր՝ հոկտեմբերի 30-ին ամեն կերպ փորձեց խուսափել լրագրողների հարցուպատասխանից, սակայն ապարդյուն:

Նույնիսկ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ավարտին Յուրի Վարդանյանն ի լուր ամենքի հայտարարեց, որ իր եւ որդու հետ ամեն ինչ կարգին է, ու ԱԺ ղեկավարությունից խնդրեց իրեն հեռու պահել լրագրողների հարցերից:

Սակայն, երբ նախարարը դուրս էր գալիս նիստերի դահլիճից, լրագրողները պահանջեցին հարգել իրենց իրավունքները եւ պատասխանել հարցերին: Նախարարը հակադարձեց, որ եթե սկսի խոսել` «ոչ մի րոպեով կպրծնեք, ոչ 20 րոպեով, ոչ 2 ժամով»: Այնուհետ շարունակեց. «Ես ոչ մի խնդիր չունեմ, ոչ ինձ հետ, ոչ տղայիս հետ, ոչ առավել եւս այն հարցի հետ, որ ասում եք»:

Հարցին՝ իր որդին թմրանյութեր ներկրել է, Յուրի Վարդանյանն ասաց. «Դա ձեր կարծիքն է, որ զբաղվել է»: