Իսպանական «Riegos Levante Hellin» եւ «INGESAgua» ընկերությունները ցանկանում են գործունեություն ծավալել Հայաստանում, քանի որ վերջին տարիներին այստեղ եւս կարեւորում են նոր տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության ոլորտում: Այս մասին այդ ընկերությունների ներկայացուցիչներ Անտոնիո Մոնտոյա Վիլլենան եւ Խավիեր Թունոն Վալլադարեսը նշել են Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:
Այդ ընկերությունները զբաղվում են ոռոգման կաթիլային համակարգերի, պոմպակայանների, հիդրավլիկ մեքենաների եւ ֆիլտրման համակարգերի, ջրամբարների կառուցման, ինչպես նաեւ հակակարկտային պաշտպանիչ ցանցերի հետ կապված ծրագրերի մշակմամբ եւ իրականացմամբ:
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը ողջունել է հյուրերին եւ նշել է, որ կաթիլային ոռոգման համակարգերի եւ հակակարկտային ցանցերի շահագործումը խիստ արդիական է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ գյուղատնտեսությունը մեծ վնասներ է կրում ոռոգման ջրի կորուստների եւ կարկտահարության հետեւանքով: Բացի այդ, հանրապետությունում զարգանում է պտղաբուծությունը եւ խաղողագործությունը, ինչը պահանջում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում: Նախարարն առաջարկեց նաեւ իսպանացի գործարարներին ուսումնասիրել կաթիլային ոռոգման սարքավորումների եւ հակակարկտային պաշտպանիչ ցանցերի Հայաստանում արտադրություն կազմակերպելու հնարավորությունը:
Հանդիպման ավարտին ընկերության ներկայացուցիչները նշել են, որ առաջիկայում կուսումնասիրեն Հայաստանի գյուղատնտեսության հնարավորությունները եւ կոնկրետ առաջարկներով հանդես կգան:





























